Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի մագիստրոսի ծրագրերում սովորող ուսանողներն առավելագույնս օգուտ քաղեն իրենց ուսումնառությունից։ ՀԱՀ-ն իր ուսանողներին առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ կրթություն. այստեղ սովորում են բազմաթիվ օտարերկրյա ուսանողներ, ուսուցումն իրականացվում է փոքրաքանակ խմբերով, իսկ դասախոսներն ունեն հարուստ և բազմազան մասնագիտական փորձ։ ՀԱՀ-ի դասախոսական կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետներ, որոնք կրթություն են ստացել արտերկրի լավագույն համալսարաններում և ունեն հետազոտական հետաքրքրությունների լայն շրջանակ։ Բացի ակադեմիական փորձից՝ նրանք ունեն նաև երկարամյա գործնական փորձ, որը թույլ է տալիս նրանց լավագույնս նախապատրաստել ուսանողներին իրենց ակադեմիական և մասնագիտական զարգացման հաջորդ քայլին։ ՀԱՀ-ի ուսանողները հավաքում, քննադատորեն սինթեզում և վերլուծում են համապատասխան տեղեկությունները՝ բարդ խնդիրներին լուծում տալու համար, իսկ համալսարանն ավարտելուց հետո կիրառում են իրենց առաջնորդական հմտությունները՝ հանդես գալով որպես արդյունավետ և բարոյական բարձր արժեքներով օժտված թիմակիցներ։ Ակադեմիական զարգացման ոգուն համահունչ՝ ՀԱՀ-ի շրջանավարտները հաճախ շարունակում են ուսումը աշխարհի առաջատար համալսարաններում, հիմնադրում են սեփական բիզնեսները և բազմազան եղանակներով ներդրում ունենում հասարակության կյանքում։
ՀԱՀ-ն առաջարկում է մագիստրոսի տասներկու կրթական ծրագիր՝ չորս ֆակուլտետներում․
- Գործարար կառավարման մագիստրոսի ծրագիր/Գործարար վարչարարություն/կառավարում/ (MBA)` ըստ լիցենզիայի
- Կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիր
- Տնտեսագիտության մագիստրոսի ծրագիր
- Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսի ծրագիր/Անգլերեն և գրականություն (MATEFL)` ըստ լիցենզիայի
- Իրավագիտության մագիստրոսի ծրագիր
- Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսի ծրագիր
- Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոսի ծրագիր
- Քաղաքական կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիր/Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն (MPA)` ըստ լիցենզիայի
- Լրագրության մագիստրոսի ծրագիր
- Հանրային առողջապահության մագիստրոսի ծրագիր/Հանրային առողջություն և առողջապահություն (MPH)` ըստ լիցենզիայի
- Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսի ծրագիր/Արդյունաբերական ճարտարագիտություն (MEIESM)` ըստ լիցենզիայի
- Համակարգչի և տեղեկույթի գիտության մագիստրոսի ծրագիր/Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) (MSCIS)` ըստ լիցենզիայի
Ստորև ներկայացված է յուրաքանչյուր ծրագրի համառոտ նկարագրությունը։ Մենք հորդորում ենք ուսումնասիրել ձեզ հետաքրքրող կրթական ծրագրի կայքը և կապ հաստատել տվյալ ծրագրի հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։
Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետ
- Գործարար կառավարման մագիստրոսի ծրագիր
Գործարար կառավարման մագիստրոսի ծրագիրը 18-22 ամիս տևողությամբ կրթական ծրագիր է՝ նախատեսված աշխատող մասնագետների համար, որոնք ձգտում են զարգացնել իրենց կարիերան՝ միաժամանակ շարունակելով մասնագիտական գործունեությունը։ Դասերն անցկացվում են երեկոյան ժամերին՝ հնարավորություն տալով ուսանողներին համատեղելու աշխատանքը և ուսումը։ Ծրագրի ուսումնական բեռնվածությունը կազմում է 45 կրեդիտ, իսկ բոլոր առարկաները ներկայացվում են մոդուլային ձևաչափով՝ յուրաքանչյուրը 3 կրեդիտ ծավալով։ Ծրագիրը մեկնարկում է օգոստոսին՝ մեկամսյա կարճատև ուսումնական փուլով, որի ընթացքում ուսանողներն անցնում են երկու հիմունքային առարկա՝ «Տվյալների վերլուծության գործիքներ» և «Հաղորդակցություն»։ Այս առարկաները հանդիսանում են պարտադիր նախապայմաններ Գործարար կառավարման մագիստրոսի ծրագրի հետագա բոլոր առարկաների համար։
Ուսումնական ծրագիրը համադրում է Գործարար կառավարման մագիստրոսի ծրագրի դասական կառուցվածքը եվրոպական ձևաչափի և Հարվարդի համալսարանի պարտադիր ու կամընտրական առարկաների մոդելի հետ՝ ապահովելով թե՛ ակադեմիական խորություն և թե՛ գործնական կիրառելիություն։ Ծրագրի շրջանավարտները կարողանում են արդյունավետ կերպով գործել արագ փոփոխվող համաշխարհային շուկայում, կողմնորոշվել տեխնոլոգիական և հաղորդակցական փոփոխությունների պայմաններում, ինչպես նաև արձագանքել Հայաստանի և տարածաշրջանի տնտեսական ու մշակութային զարգացման յուրահատուկ դինամիկային։ Հիմնված լինելով մասնագիտական բարձր մակարդակի, թիմային աշխատանքի և գործնական ուսուցման վրա՝ ՀԱՀ-ի Գործարար կառավարման մագիստրոսի ծրագիրն առանձնանում է իր կարճատև, դինամիկ, մատչելի, թափանցիկ և հարմարավետ ձևաչափով։ Ծրագիրը ներկայացնում է ակադեմիական խիստ պահանջներ՝ առանց որակական չափորոշիչների նկատմամբ որևէ փոխզիջման, ինչի արդյունքում այն հատկապես գրավիչ է դառնում աշխատող, նպատակասլաց մասնագետների համար։ Կարդալ ավելին
- Կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիր
Կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիրը, որպես կանոն, իրականացվում է «ամառ-աշուն-գարուն-ամառ-աշուն» ձևաչափով և նախատեսված է բակալավրի ծրագիրը վերջերս ավարտած ուսանողների համար։ Ծրագիրը ներառում է առնվազն 35 կրեդիտ և մեկնարկում է ամառային եռամսյակում։ Կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիրը եզակի է այն առումով, որ կարևորում է տվյալների և վերլուծական գործիքների կիրառումը կառավարչական որոշումների կայացման ընթացքում՝ բիզնեսի հիմնական գործառական ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսներ, հաշվապահություն, գործառնություններ և մարքեթինգ։ Ծրագիրը չի սահմանափակվում միայն բիզնեսի կառավարման առաջադեմ տեսությունների և հասկացությունների ուսուցմամբ․ այն նաև նպաստում է «կոշտ» հմտությունների զարգացմանը՝ իրական նախագծերի շրջանակում կատարվող աշխատանքների միջոցով։
Կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագրի շրջանակում դասավանդում են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի մասնագետներ՝ հետազոտական գործունեության բազմամյա փորձով և ոլորտի խորքային գիտելիքներով։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում՝ ապահովելու ուսանողներին այն ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են ապագայում մասնագիտական հաջողության հասնելու համար։ Ծրագրի ընթացքում կիրառվում են ոլորտի ամենաարդիական գործիքները՝ զարգացնելու քննադատական մտածողության, խնդիրների լուծման, առաջնորդության և համայնքային ներգրավվածության հմտությունները։ Բացի այդ, ծրագիրը մշտապես կատարելագործվում է, որպեսզի համապատասխանի շուկայի պահանջներին թե՛ ազգային և թե՛ միջազգային մակարդակում։ Կարդալ ավելին
- Տնտեսագիտության մագիստրոսի ծրագիր
Տնտեսագիտության մագիստրոսի ծրագիրն ակադեմիական բարձր պահանջներ ներկայացնող կրթական ծրագիր է, որի նպատակն է ուսանողներին պատրաստել խորհրդատվության, քաղաքականության մշակման և տվյալների վերլուծության ոլորտներում մասնագիտական գործունեություն ծավալելու, ինչպես նաև դոկտորական ծրագրերում ուսումը շարունակելու համար։ Ծրագրի շրջանակում ուսանողները ձեռք են բերում խնդիրների լուծման համար անհրաժեշտ վերլուծական և քննադատական մտածողության հմտություններ, որոնք կիրառելի են տարբեր ոլորտներում և ձևավորվում են տեսական ու էմպիրիկ մեթոդների խորացված ուսուցման միջոցով։
Դիլիջանում իրականացվող Տնտեսագիտության մագիստրոսի ծրագիրը մեկամյա կրթական ծրագիր է, որն առաջարկում է ինտերակտիվ, խմբային ուսուցման միջավայր՝ նախատեսված մինչև 21 ուսանողի համար։ Ծրագրի ուսումնական բեռնվածությունը կազմում է 31 կրեդիտ և կարող է լրացվել մինչև 6 կրեդիտին համարժեք ամառային նախապատրաստական դասընթացներով, որոնք անցկացվում են Երևանում՝ հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Ծրագրի առավելություններից է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կենտրոնական բանկի հետ հաստատված ռազմավարական գործընկերությունը՝ հետազոտական և ուսումնառության ենթակառուցվածքների համատեղ օգտագործմամբ։ Մենք առաջարկում ենք ուսանողների աջակցությանն ուղղված համապարփակ ֆինանսական փաթեթ, որի շրջանակում նախատեսված է անվճար կացություն հանրակացարանում, ուսման վարձի 90% զեղչ ՀՀ քաղաքացիների և հատուկ կացության կարգավիճակ (10 տարի ժամկետով) ունեցող անձանց համար, ինչպես նաև առաջադիմության հիմքով տրամադրվող 50% կրթաթոշակ օտարերկյա ուսանողների համար։ Մենք ձգտում ենք պատրաստել ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներ, այլև բազմակողմանիորեն զարգացած անհատներ, որոնք ունակ են քննադատաբար մտածելու, շարունակաբար ինքնակրթվելու և արդյունավետ կերպով համագործակցելու տարբեր միջավայրերում։ Կարդալ ավելին
Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետ
- Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսի ծրագիր
Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսի ծրագիրը 1․5 տարի տևողությամբ կրթական ծրագիր է, որը սովորաբար իրականացվում է «աշուն-գարուն-ամառ-աշուն» ձևաչափով։ Ծրագրի շրջանակում ուսանողները ձեռք են բերում անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման համար անհրաժեշտ գիտելիքներ, այդ թվում՝ լսարանային և առցանց դասավանդում, ուսումնական ծրագրերի մշակում և գնահատում, ինչպես նաև բարելավում են իրենց մասնագիտական կարողությունները կամընտրական առարկաների միջոցով (օր․՝ «Մասնագիտական անգլերեն», «Անգլերեն երեխաների համար», «Առաջնորդություն», «Տեխնոլոգիաներ»): Աշնանային կիսամյակում մեկնարկող այս ծրագրի ուսումնական բեռնվածությունը կազմում է 37 կրեդիտ լեզվաբանական կրթությամբ ուսանողների համար և 39 կրեդիտ՝ լեզվաբանական կրթություն չունեցողների համար։ Ծրագիրը զարգացնում է ուսանողների հետազոտական և ակադեմիական հմտությունները՝ նախապատրաստելով նրանց արտերկրում դոկտորական կրթություն ստանալու կամ հետազոտական գործունեության ոլորտում տարբեր հաստիքներ զբաղեցնելու համար։ Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսի ծրագրի շրջանավարտները կառուցում են հաջողակ կարիերա և ունեն անհրաժեշտ պատրաստվածություն՝ կրթական համակարգերն ու գործելակերպերը վերափոխելու համար։
Ծրագրի ուսանողները, ներկայացնելով բազմազան մասնագիտական ոլորտներ, ցուցաբերում են ամուր հանձնառություն թե՛ կրթության և թե՛ անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման բնագավառների նկատմամբ։ Նրանք աչքի են ընկնում ուսանելու բացառիկ կարողությամբ և ունեն երկրում ու տարածաշրջանում դրական ազդեցություն ունենալու մեծ ներուժ։ ՀԱՀ-ի բարձր հեղինակությունը շրջանավարտներին զգալի մրցակցային առավելություն է տալիս հայկական աշխատաշուկայում։ Մենք առաջարկում ենք երկրում միակ Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսի ծրագիրը, որի ուսումնական պլանը մշակված է անգլերենը՝ որպես երկրորդ կամ օտար լեզու դասավանդող մասնագետների համար և համապատասխանում է TESOL միջազգային ծրագրերի ամենաբարձր չափորոշիչներին։ Կարդալ ավելին
- Իրավագիտության մագիստրոսի ծրագիր
Իրավագիտության մագիստրոսի երկամյա ծրագիրը մշակված է՝ հաշվի առնելով ուսանողների և Հայաստանի իրավաբանական ոլորտի կարիքները։ Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրակարգ, անգլերենին տիրապետող իրավաբանական խորհրդատուներ, փաստաբաններ և հետազոտողներ, որոնք օժտված են բարոյական բարձր արժեքներով և խորապես ծանոթ են իրավագիտության ոլորտի միջազգային լավագույն փորձին։ Մեր շրջանավարտները ստանձնում են պետական և մասնավոր հատվածներին ծառայելու հանձնառությունը՝ նպատակ ունենալով պաշտպանելու Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում։ Իրավագիտության մագիստրոսի ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ուսանողները պետք է կուտակեն առնվազն 30 կրեդիտ՝ ներառյալ ավարտական աշխատանքը, ինչպես նաև նվազագույնը 1 կրեդիտ շրջակա միջավայրի հետազոտությունների ոլորտում՝ համաձայն համալսարանի կողմից սահմանված պահանջի։ Սովորաբար այս ծրագրի ուսանողները սկսում են ուսումնական տարին աշնանը։
Իրավագիտության մագիստրոսի ծրագիրը հպարտանում է իր բազմաթիվ շրջանավարտներով՝ բարձրակարգ մասնագետներով և գիտնականներով, որոնք ՀԱՀ-ում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնում են հասարակության բարօրությանը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում։ Ծրագրի շրջանավարտները կարևոր ներդրում են ունենում իրավաբանական ոլորտում՝ ապահովելով գործարքների արդյունավետությունն ու կայունությունը, ինչպես նաև ներդրումների անվտանգությունն ու պաշտպանվածությունը։ Իրավագիտության մագիստրոսի ծրագիրը տրամադրում է ամուր հիմք՝ հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ու խթանումը, ինչպես նաև վեճերի արդար ու արդյունավետ լուծումը իրավաբանական գործունեության առանցքում պահելու համար՝ անկախ ծառայությունների ոլորտից։ Մեր շրջանավարտները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, որոնք ունակ են բացահայտելու և գործնականում կիրառելու իրավագիտության և քաղաքականության ոլորտների միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև նշանակալի ներդրում ունենալու օրենքների, կանոնակարգերի, քաղաքականությունների, ինստիտուտների և իրավական շրջանակների խելամիտ ձևավորման ու կատարելագործման գործում։ Կարդալ ավելին
- Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսի ծրագիր
Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսի ծրագրի նպատակն է աջակցել նոր սերնդի առաջնորդներին և մարդու իրավունքների ապագա պաշտպաններին՝ հնարավորություն տալով նրանց վստահ և արդյունավետ կերպով գործելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում։ Ծրագիրը զարգացնում է ուսանողների գիտելիքներն ու հմտությունները մի ոլորտում, որտեղ հասարակության բազմաբնույթ մարտահրավերներին հնարավոր է դիմագրավել միայն նորարարական և ստեղծագործական մոտեցումների միջոցով։ Ավելի քան 1.5 տարի տևողությամբ և 36 կրեդիտից բաղկացած այս ծրագրի ընթացքում ուսանողները ձեռք են բերում մի շարք կարևոր փոխանցելի հմտություններ, այդ թվում՝ նախագծերի պլանավորում և գնահատում, հետազոտություն և խնդիրների լուծում, փաստահավաքում, ինչպես նաև մասնագիտական գրավոր և բանավոր հաղորդակցություն։ Ծրագիրը մեկնարկում է աշնանային կիսամյակում։
Այս գիտելիքների և հմտությունների շնորհիվ՝ ուսանողները հաջողությամբ կառուցում են իրենց կարիերան սոցիալական ծառայությունների, իրավաբանության (մարդու իրավունքներ, միջազգային իրավունք), փաստաբանության (ներքին և միջազգային), մարդասիրական ծառայությունների, մարդու իրավունքների և սոցիալական արդարության ծրագրերի, հաղորդակցության, միջազգային զարգացման, միջազգային հարաբերությունների և այլ ոլորտներում։ Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսի ծրագիրը ձևավորում է սոցիալական արդարության խորացված հասկացութային ընկալում, ինչպես նաև զարգացնում է մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում արդյունավետ մեթոդների և մոտեցումների կիրառման հմտություններ՝ միջազգային, տարածաշրջանային և ազգային հարթակներում գործելու համար։ Դասերն անցկացվում են ոլորտի ժամանակակից մոտեցումների հիման վրա և լրացվում միջազգային հեղինակավոր համալսարաններից հրավիրված մասնագետների դասախոսություններով։ Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս անցնելու փորձնակություն ազգային և միջազգային առաջատար կազմակերպություններում, ինչպես նաև մասնակցելու Մարդու իրավունքների կլինիկայի աշխատանքներին․ այս եզակի նախաձեռնությունը թույլ է տալիս ձեռք բերված փափուկ հմտությունները վերածել գործնական փորձի՝ մարդու իրավունքների և սոցիալական արդարության ոլորտում հասարակական հիմունքներով (pro bono) գործունեություն ծավալելու միջոցով։ Կարդալ ավելին
- Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոսի ծրագիր
Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոսի ծրագիրը 1.5 տարի տևողությամբ և 45 կրեդիտից բաղկացած կրթական ծրագիր է, որը մեկնարկում է աշնանային կիսամյակում։ Ծրագրի նպատակն է ուսանողներին ապահովել անհրաժեշտ գիտելիքներով և գործիքակազմով՝ հանրային ծառայության համակարգում, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններում, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի միջազգային գործակալություններում մասնագիտական գործունեություն ծավալելու համար։ Ծրագիրը կիրառում է միջգիտակարգային մոտեցում՝ միջազգային հարաբերությունների, կառավարման և դիվանագիտության ոլորտներում տեղի ունեցող փոփոխությունները քննադատորեն ուսումնասիրելու և գնահատելու նպատակով։ Այն պատրաստում է մասնագետներ, որոնք տիրապետում են համապատասխան հայեցակարգերին, մեթոդաբանություններին և խնդիրների լուծման նորարարական հմտություններին՝ տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերներին արդյունավետ կերպով արձագանքելու համար։
Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոսի ծրագիրն ուսանողներին ապահովում է խորքային գիտելիքներով՝ տարածաշրջանային և միջազգային փոխկապակցված խնդիրները հասկանալու և վերլուծելու համար։ Մեր դասախոսներն ակադեմիական և գործնական բազմամյա փորձ ունեցող մասնագետներ են, որոնք ուսանողներին տրամադրում են մասնագիտական ուղղորդում՝ օգնելով նրանց դիմագրավել երկրների առջև ծառացած տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին։ Կարդալ ավելին
- Քաղաքական կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիր
Քաղաքական կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիրը 1.5 տարի տևողությամբ կրթական ծրագիր է, որը նպատակ ունի ձևավորելու վերլուծական, քաղաքական, վարչական և առաջնորդական կարողություններով օժտված մասնագետներ՝ Հայաստանում և արտերկրում հասարակական կյանքի զարգացմանը նպաստելու համար։ Ծրագիրը ներառում է 45 կրեդիտ և մեկնարկում է աշնանային կիսամյակում։ Այն առանձնահատուկ կարևորություն է տալիս զարգացման քաղաքականությանը, ռազմավարությանը և առաջնորդությանը՝ որպես Հայաստանի բարեկեցության և կայունության հիմնարար բաղադրիչներ։ Քաղաքական կառավարման և վերլուծության մագիստրոսի ուսանողները սովորում են ձևակերպել քաղաքական հարցեր և պատասխաններ, մշակել հանրային խնդիրներին ուղղված արդյունավետ քաղաքական լուծումներ և կյանքի կոչել այդ լուծումները՝ պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում պահանջվող առաջնորդական և կառավարչական կարողությունների կիրառմամբ։
Քաղաքական կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիրը մշակված է վարչական պետական համակարգի ձևավորման և պահպանման հետ կապված հանրային խնդիրներին նորարարական լուծումներ առաջարկելու նպատակով։ Հայաստանում կենսունակ պետական հատվածի ձևավորումը քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման առանցքային խնդիրներից է։ Քաղաքական կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագրի շրջանավարտները կդառնան ոչ միայն քաղաքական կառավարման ոլորտի հմուտ մասնագետներ, այլև պատասխանատու համաշխարհային քաղաքացիներ՝ ունակ տարբերակելու հասարակության իրական կարիքները կենսական անհրաժեշտություն չներկայացնող ցանկություններից։ Կարդալ ավելին
- Լրագրության մագիստրոսի ծրագիր
Լրագրության մագիստրոսի ծրագիրը 14 ամիս տևողությամբ կրթական ծրագիր է, որը ցուցաբերում է համապարփակ մոտեցում լրագրողական կրթությանը։ Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կարող են հաջողությամբ հաղթահարել ոլորտի ներկայիս և ապագա մարտահրավերները։ Ծրագրի շրջանակում ուսանողները ձեռք են բերում լրագրության հիմնարար հմտություններ և էթիկական գործելակերպ, այդ թվում՝ լրահաղորդում, տեքստերի գրություն և խմբագրում տարբեր մեդիա հարթակներում (տպագիր, աուդիո, վիդեո և առցանց ձևաչափերով)։ Սեմինարային դասերի ընթացքում ուսումնասիրվում են տարածաշրջանին առնչվող հայեցակարգերն ու տեսակետները՝ ներառյալ հակամարտությունների լուսաբանումը և Հայաստանի քաղաքական զարգացումները, ինչպես նաև լրատվական կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությունը և նորարարական բիզնես մոդելները։
Լրագրության մագիստրոսի ծրագրի ուսումնական բեռնվածությունը կազմում է 45 կրեդիտ։ Ծրագիրը մեկնարկում է յուրաքանչյուր տարվա հունիսին՝ երկու ամառային դասընթացներով և ավարտվում է հաջորդ ամռանը, որի ընթացքում ուսանողները պատրաստում են ծավալուն մուլտիմեդիա նախագիծ և անցնում երեքշաբաթյա փորձնակություն մեդիա կազմակերպություններում՝ թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում։ ՀՀ քաղաքացիները, հատուկ կացության անձնագիր (տրվում է 10 տարի ժամկետով) ունեցող անձինք, ինչպես նաև Արցախից տեղահանված, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք կարող են օգտվել ուսման վարձի 90% զեղչից։ Կարդալ ավելին
Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտ
- Հանրային առողջապահության մագիստրոսի ծրագիր
Հանրային առողջապահության մագիստրոսի երկամյա ծրագիրը նախատեսված է առողջապահության և հարակից ոլորտների փորձառու մասնագետների համար՝ առաջարկելով նրանց փոխակերպող կրթություն, որը կենտրոնացած է առողջության և առողջապահական ծառայությունների հետազոտման, մատուցման և գնահատման ոլորտներում պոպուլյացիոն մոտեցումների կիրառման վրա։ Հանրային առողջապահության մագիստրոսի ծրագրի գլխավոր նպատակն է պատրաստել առողջապահության ոլորտի բարձրակարգ մասնագետներ, որոնք ունակ են տարբեր գիտակարգերից ստացված գիտելիքներն ու հմտությունները կիրառել բնակչության առողջապահական կարիքները բացահայտելու և քննադատորեն գնահատելու, ինչպես նաև այդ հմտություններն առողջության բարելավմանն ուղղելու համար՝ մշակելով, իրականացնելով և գնահատելով տվյալ կարիքների բավարարմանը միտված ծրագրեր։ Հանրային առողջապահության մագիստրոսի ծրագրի շրջանավարտները պատրաստ են նախաձեռնել բարեփոխումներ առողջության և առողջապահական ծառայությունների ոլորտում թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում։ Ծրագիրը ներառում է 60 կրեդիտ և մեկնարկում է աշնանային կիսամյակում։
Հանրային առողջապահության մագիստրոսի ծրագրի ուսումնական պլանը ձևավորված է խնդիրների լուծման հայեցակարգի հիման վրա, որի շրջանակում ուսանողները ձեռք են բերում հանրային առողջապահության՝ որպես բազմաբնույթ մասնագիտական ոլորտի մասին ամբողջական պատկերացում, ինչպես նաև մասնագիտական գործունեության մեջ թիմային աշխատանքի վրա հիմնված գործելակերպ։ Ուսանողները ծրագրին մասնակցում են միասնական ուսանողական համակազմի շրջանակում, ինչը նպաստում է թիմային մշակույթի ձևավորմանը և հնարավորություն է տալիս զարգացնելու բազմագիտակարգային խմբերում խնդիրների լուծման, նախագծերի ղեկավարման և կառավարման հմտություններ։ Չնայած ծրագիրը գրեթե ամբողջությամբ բաղկացած է պարտադիր առարկաներից՝ ուսանողներն ունեն կամընտրական ուղղություններով զարգանալու հնարավորություն յուրաքանչյուր մոդուլի ընթացքում իրականացվող անհատական և խմբային նախագծերի, ինչպես նաև հատուկ հետազոտական աշխատանքների շրջանակում։ Ուսանողներին խորհուրդ է տրվում մասնակցել Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի աշխատանքներին, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերելու գործնական փորձ ղեկավարի վերահսկողության ներքո՝ միաժամանակ նպաստելով առողջապահական կարիքների լուծմանը թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում։ Կարդալ ավելին
Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ
- Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսի ծրագիր
Ի՞նչ գործոններ են նպաստում արժեքի ստեղծմանը ցանկացած ոլորտում։ Ինչպե՞ս են ստանդարտացվում և վերահսկվում որակի չափորոշիչները, և ինչպե՞ս են կառավարվում լոգիստիկ գործընթացները՝ ապահովելու արտադրության անխափան և օպտիմալ ընթացքը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների առաքումը։ Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսի երկամյա ծրագիրն ուսանողներին տրամադրում է եզակի գիտելիքներ և հմտություններ, որոնք կիրառելի են տարբեր ոլորտներում՝ տվյալահեն վերլուծության և գործառնությունների օպտիմալացման միջոցով արտադրական համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև բիզնեսի բազմազան մարտահրավերներին արդյունավետ լուծումներ առաջարկելու համար։ Ծրագիրը մեկնարկում է աշնանային կիսամյակում և ներառում է 45 կրեդիտ։ Ուսանողների ակադեմիական պատրաստվածությունից կախված՝ կարող է պահանջվել մասնակցություն նախապատրաստական դասընթացներին, որոնք սկսվում են հունիսին։
Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսի ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ցանկանում են կառուցել իրենց կարիերան տվյալների վերլուծության տարբեր ոլորտներում։ Ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում բազմաթիվ ոլորտներ ակտիվորեն իրականացնում են թվային վերափոխում՝ վերանայելով իրենց աշխատանքային գործընթացները, որոնք հիմնված են մեծածավալ տվյալների կիրառման վրա։ Ծրագիրն ուսանողներին ապահովում է անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ մեծ քանակությամբ տվյալների հետ աշխատելու, բիզնես գործընթացներն օպտիմալացնելու, ծախսերը նվազեցնելու և շահույթը մեծացնելու նպատակով։ Կարդալ ավելին
- Համակարգչի և տեղեկույթի գիտության մագիստրոսի ծրագիր
Համակարգչի և տեղեկույթի գիտության մագիստրոսի ծրագիրը երկամյա կրթական ծրագիր է, որի նպատակն է ուսանողներին ապահովել այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ են համակարգչային գիտության և հարակից ոլորտներում արդյունավետ ու նորարար առաջնորդներ դառնալու համար։ Ծրագրի շրջանավարտները ձեռք են բերում համապարփակ տեսական և գործնական գիտելիքներ ինչպես իրենց մասնագիտական ոլորտում, այնպես էլ բիզնեսի, կառավարման և ձեռներեցության լրացուցիչ ուղղություններում։ Այս համադրությունը հնարավորություն է տալիս ուսանողներին դառնալու նորարար առաջնորդներ իրենց ընտրած մասնագիտության մեջ։ Ծրագիրը մեկնարկում է աշնանային կիսամյակում և ներառում է 48 կրեդիտ։ Ուսանողների ակադեմիական պատրաստվածությունից կախված՝ կարող է պահանջվել մասնակցություն նախապատրաստական դասընթացներին, որոնց առաջին փուլը սկսվում է ամռանը։
Ծրագրի հիմնական առարկաների շրջանակում ուսանողները ձեռք են բերում խորքային տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալելու համար։ Բացի այդ, ուսանողներն ընտրում են նաև առաջարկվող երկու մասնագիտացումներից մեկը՝ հիմնական ուսումնական ծրագիրը լրացնելու նպատակով։ Ավարտական աշխատանքի շրջանակում ուսանողները կիրառում են իրենց գիտելիքները՝ ոլորտի իրական խնդիրները լուծելու համար կամ մասնակցում են հետազոտական ուղղվածությամբ ակադեմիական նախագծի իրականացման աշխատանքներին։ Կարդալ ավելին
ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՀ-ի դասախոսական կազմն ապահովում է միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն, դասավանդման մեթոդիկա և մասնագիտական փորձ: Դասախոսներն ունեն բարձրագույն կրթական աստիճաններ մի շարք հեղինակավոր համալսարաններից, ինչպիսիք են Քեմբրիջի, Կոլումբիայի, Հարվարդի, ՄըքԳիլի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Մոսկվայի պետական համալսարանը, Սթենֆորդի համալսարանը, Երևանի պետական համալսարանը և այլն: Նրանք ընդգրկված են մի շարք մասնագիտական ոլորտներում՝ որպես տեղական առաջատար ընկերությունների գործադիր տնօրեններ, ձեռներեցներ, տեխնոլոգիական խորհրդատուներ, ՏՏ ոլորտի առաջադեմ մասնագետներ, մեդիա մասնագետներ, հրատարակված գրքերի հեղինակներ, պետական կառույցների խորհրդատուներ, խոշոր հաշվապահական ընկերությունների գործընկերներ, բանկիրներ և այլ ոլորտների մասնագետներ։
