Հաճախ տրվող հարցեր

Թարմացվել է 2025 թ․ սեպտեմբերին։ Այս էջում ներկայացված տեղեկություններն ընդհանուր բնույթ են կրում և կարող են փոփոխության ենթարկվել։ Խորհուրդ ենք տալիս այցելել ձեր նախընտրած կրթական ծրագրի պաշտոնական կայքը՝ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար, ինչպես նաև ուսումնասիրել Մագիստրատուրայի ընդունելության ներքին կանոնակարգերը՝ մագիստրոսական ծրագրերի ընդունելության գործընթացին ծանոթանալու համար։ Այս բաժնում ձեր հարցի պատասխանը չգտնելու դեպքում խնդրում ենք կապվել Ընդունելության գրասենյակի հետ [email protected] էլ․ փոստի հասցեով։

Կրթական ծրագրեր

1. Ի՞նչ մագիստրոսական ծրագրեր է առաջարկում ՀԱՀ-ը։
ՀԱՀ-ն առաջարկում է հետևյալ մագիստրոսական ծրագրերը․
  • Գործարար կառավարման մագիստրոսի ծրագիր (Գործարար վարչարարություն/կառավարում/ (MBA)` ըստ լիցենզիայի)
  • Կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիր
  • Տնտեսագիտության մագիստրոսի ծրագիր
  • Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսի ծրագիր (Արդյունաբերական ճարտարագիտություն (MEIESM)` ըստ լիցենզիայի)
  • Համակարգչի և տեղեկույթի գիտության մագիստրոսի ծրագիր (Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) (MSCIS)` ըստ լիցենզիայի
  • Իրավագիտության մագիստրոսի ծրագիր
  • Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսի ծրագիր
  • Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոսի ծրագիր
  • Քաղաքական կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիր (Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն (MPA)` ըստ լիցենզիայի)
  • Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսի ծրագիր (Անգլերեն և գրականություն (MATEFL)` ըստ լիցենզիայի)
  • Լրագրության մագիստրոսի ծրագիր
  • Հանրային առողջապահության մագիստրոսի ծրագիր (Հանրային առողջություն և առողջապահություն (MPH)` ըստ լիցենզիայի)
Վերոնշյալ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
2. Վկայագիր շնորհող ի՞նչ ծրագրեր է առաջարկում ՀԱՀ-ը:

ՀԱՀ-ն առաջարկում է վկայագիր շնորհող հետևյալ ծրագրերը․

  • Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման վկայագիր
  • Թարգմանչի որակավորման վկայագիր
  • Զբոսաշրջության և հյուրանոցային գործի կառավարման վկայագիր
  • Տվյալների վերլուծաբանի վկայագիր
  • Կառավարման վկայագիր

 Վերոնշյալ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ.

3. Արդյո՞ք ՀԱՀ-ն առաջարկում է դասընթացներ այն անձանց համար, որոնք չեն ցանկանում ստանալ աստիճան ՀԱՀ-ում, բայց հետաքրքրված են մագիստրոսական մակարդակի առանձին դասընթացներով։

Այո, ՀԱՀ-ը հնարավորություն է տալիս հետաքրքրված անձանց մասնակցելու առանձին դասընթացների՝ նախքան մագիստրոսական ծրագրերին դիմելը կամ ընդունվելը։ Այդպիսի անձինք համարվում են աստիճան չշնորհող ծրագրի ուսանողներ։ Աստիճան չշնորհող ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել այստեղ և ծանոթանալ ՀԱՀ-ի Աստիճան չշնորհող ծրագրի ուսանողի կարգավիճակ ներքին կանոնակարգին։

4. Ո՞րն է ուսուցման լեզուն ՀԱՀ-ում։

ՀԱՀ-ում մագիստրոսական բոլոր ծրագրերի ուսուցման լեզուն անգլերենն է։

5. Կարո՞ղ եմ սովորել ՀԱՀ-ում ոչ լրիվ բեռնվածությամբ։

Հազվագյուտ դեպքերում՝ համապատասխան ծրագրի ղեկավարի համաձայնությամբ, ուսանողները կարող են սովորել ոչ լրիվ բեռնվածությամբ և ավարտել համալսարանը երեք ուսումնական տարվա ընթացքում։ Զրուցեք ձեր նախընտրած ծրագրի ղեկավարի հետ՝ այս տարբերակը քննարկելու համար։

6. ՀԱՀ-ն առաջարկու՞մ է առցանց ծրագրեր (հեռակա ուսուցում):

Ոչ, ՀԱՀ-ը չի առաջարկում առցանց ծրագրեր (հեռակա ուսուցում), եթե հակառակը չի պահանջվում ՀՀ կառավարության կողմից արտակարգ իրավիճակների դեպքերում։

7. Կարո՞ղ եմ մասնակցել ՀԱՀ-ի բաց դասերին, որպեսզի նախքան ծրագրին դիմելը հիմնավորված որոշում կայացնեմ։

Այո, ՀԱՀ-ում սովորաբար անցկացվում են մագիստրոսական մակարդակին համապատասխան բաց դասեր։ Դրանք իրական դասեր են, որոնց ապագա ուսանողները կարող են մասնակցել մեկ անգամ՝ անվճար։ Հասանելի դասընթացների, դասերի ժամանակացույցի և գրանցման գործընթացի վերաբերյալ տեղեկանալու համար խնդրում ենք ուղարկել էլ․ նամակ ձեզ հետաքրքրող ծրագրին։

8. Ես ընդունվել եմ ՀԱՀ-ի մագիստրատուրա։ Կարո՞ղ եմ փոխել իմ կրթական ծրագիրը։

Ոչ։ Կրթական ծրագիրը փոխելու համար անհրաժեշտ է մշտապես դուրս գալ ձեր ընթացիկ ծրագրից և կրկին դիմել ձեր նախընտրած ծրագրին՝ հետևելով ընդունելության բոլոր պահանջներին և սահմանված ժամկետներին։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ Ծրագրի և մասնագիտության փոփոխություն ներքին կանոնակարգին։

Ֆինանսավորում

1. Որտե՞ղ կարող եմ գտնել տեղեկություններ ուսման վարձի չափերի մասին։

Մագիստրատուրայի ուսման վարձի չափերը ներկայացված են այստեղ:

2. Որտե՞ղ կարող եմ գտնել տեղեկություններ ՀԱՀ-ում հասանելի ֆինանսական օժանդակության տարբերակների մասին։

ՀԱՀ-ը ստանձնել է իր ուսանողներին հնարավորինս բարձրորակ կրթություն տալու հանձնառությունը։ ՀՀ քաղաքացիները, ազգությամբ հայերը և հատուկ կացության կարգավիճակ (Հայաստանի հատուկ անձնագիր) ունեցող անձինք ՀԱՀ-ի կողմից ստանում են 2,000,000 ՀՀ դրամի չափով տարեկան սուբսիդավորում (2,400,000 ՀՀ դրամ Գործարար կառավարման մագիստրոսի ծրագրի դեպքում)՝ ուղղված իրենց ընդհանուր ուսման վարձի վճարմանը։ Բացի այդ, համալսարանը Հայաստանի քաղաքացիներին տրամադրում է կարիքի վրա հիմնված ֆինանսական աջակցություն, որի շրջանակում ուսման վարձը կարող է զեղչվել մինչև 90%։ Ակադեմիական գերազանցություն ցուցաբերող ուսանողների համար հասանելի են նաև սահմանափակ քանակով կրթաթոշակներ։ Οտարերկրյա ուսանողները կարող են օգտվել առաջադիմության վրա հիմնված կրթաթոշակներից, որոնք կարող են փոխհատուցել ընդհանուր ուսման վարձի մինչև 50%-ը։

Ձեր կրթության ֆինանսավորմանն ուղղված տաբեր գործիքների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խորհուրդ ենք տալիս այցելել այս էջը և կապ հաստատել Ֆինանսական օժանդակության խորհրդատուի հետ [email protected] էլ․ փոստի հասցեով՝ անհատական խորհրդակցության նպատակով։

3. Որպես ՀՀ քաղաքացի՝ ե՞րբ պետք է ներկայացնեմ ուսման վարձին ուղղված աջակցության վերաբերյալ դիմումը։ Արդյո՞ք պետք է ստանամ ընդունելության առաջարկ և միայն դրանից հետո դիմեմ աջակցության համար։

Ոչ։ Եթե մտադիր եք դիմել ուսման վարձին ուղղված աջակցության համար (հասանելի է միայն Հայաստանի քաղաքացիներին), ապա պետք է ընդունելության դիմում-հայտի հետ միաժամանակ առանձին դիմում ներկայացնեք Ուսանողների ֆինանսական աջակցության գրասենյակ։ Այսպիսով, եթե մտադիր եք դիմել ՀԱՀ վաղ ընդունելության փուլում, ապա ուսման վարձին ուղղված աջակցության վերաբերյալ դիմումը նույնպես պետք է ներկայացնեք մինչև վաղ ընդունելության վերջնաժամկետը։ Ֆինանսական օժանդակության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք finaid.aua.am: Վերջնաժամկետներին ծանոթանալու համար այցելեք finaid.aua.am/deadlines:

4. Որպես օտարերկրյա դիմորդ՝ երբ պետք է ներկայացնեմ միջազգային կրթաթոշակի վերաբերյալ դիմումը։

Եթե մտադիր եք դիմել միջազգային կրթաթոշակի համար, ապա պետք է առանձին դիմում ներկայացնեք Ուսանողների ֆինանսական աջակցության գրասենյակ՝ համաձայն սահմանված վերջնաժամկետի: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք ներկայացնել դիմումը հնարավորինս շուտ՝ ընդունելության դիմում-հայտը ներկայացնելիս։

5. Ես մտադիր եմ դիմել Հայաստանի 10 տարվա հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար։ Կարո՞ղ եմ դիմել ՀԱՀ հիմա, թե՞ պետք է սպասեմ այդ կարգավիճակի ստացմանը։

Այո, դուք կարող եք դիմել ՀԱՀ, նույնիսկ եթե դեռ չունեք 10 տարվա հատուկ կացության կարգավիճակ։ Եթե ընդունվեք ՀԱՀ և արդեն ստացած լինեք 10 տարվա հատուկ կացության կարգավիճակը, ապա ձեր ուսման վարձը Ուսումնառության պայմանների վերաբերյալ պայմանագրի գործողության ընթացքում կվերանայվի։ Եթե որևէ պատճառով ձեր 10 տարվա հատուկ կացության կարգավիճակի տրամադրումը հետաձգվում է, խնդրում ենք կապ հաստատել Ուսանողական և ուսումնական հարցերի գրասենյակի հետ՝ ձեր ուսման վարձի վերանայման հնարավորությունը դիտարկելու համար։

Ընդունելություն

1. Ո՞վ կարող է դիմել ՀԱՀ-ի մագիստրոսական ծրագիր ընդունվելու համար։

Յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է ՀԱՀ-ի ընդհանուր և կրթական ծրագրի ընդունելության պահանջներին, որոնք ներկայացված են այստեղ:

2. Որո՞նք են մագիստրոսական ծրագրի ընդունելության ընդհանուր պահանջները։

Մագիստրոսական ծրագրի ընդունելության պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ. Դրանք ներկայացված են նաև ստորև․

  • Ունենալ անգլերենի իմացության համապատասխան մակարդակ
  • Ունենալ բակալավրի աստիճան (կամ համարժեք որակավորում) կամ ներկայումս սովորել ավարտական կուրսում՝ հավատարմագրված կամ լիցենզավորված բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Ընդունված ուսանողները պարտավոր են մինչև ՀԱՀ-ում դասերի մեկնարկը ներկայացնել իրենց պաշտոնական ավարտական վկայականը։
  • Ներկայացնել մագիստրատուրայի ընդունելության ամբողջական դիմում-հայտ
3. Ո՞վ կարող է դիմել անգլերենի իմացության թեստից ազատվելու համար։

Ծանոթացեք Անգլերենի իմացության թեստից ազատվելու ներքին կանոնակարգին՝ ձեր համապատասխանությունը ստուգելու համար։ Թեստից ազատվելու դիմում ներկայացնելու համար լրացրեք համապատասխան ձևաթուղթը apply.aua.am կայքում։

 

4. Սահմանվա՞ծ է արդյոք նվազագույն անցողիկ միավոր TOEFL iBT և IELTS Academic թեստերի համար։

Թիրախային միավորների և ավտոմատ մերժման շեմերի վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

5. Ինչպե՞ս պետք է ներկայացնեմ TOEFL iBT և IELTS Academic թեստերի պաշտոնական միավորները ՀԱՀ։

Համոզված լինելու համար, որ ՀԱՀ-ը ստացել է ձեր TOEFL iBT պաշտոնական միավորը թեստավորող կազմակերպության կողմից, դուք պետք է նշեք ՀԱՀ-ի ինստիտուցիոնալ կոդը (4151) գրանցվելիս։ IELTS Academic թեստի դեպքում դուք պետք է նշեք ՀԱՀ-ի ինստիտուցիոնալ կոդը (Բաղրամյան պող. 40, Երևան) ձեր քննության ժամանակ։

6. Սահմանվա՞ծ է արդյոք նվազագույն անցողիկ միավոր GRE, GMAT և LSAT թեստերի համար։

Թիրախային միավորների և ներհամալսարանական ստուգման հասանելի տարբերակների վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

7. Ինչպե՞ս պետք է ներկայացնեմ GRE, GMAT կամ LSAT թեստերի պաշտոնական միավորները ՀԱՀ։

Դիմորդները պետք է համոզվեն, որ թեստերի վավեր միավորները թեստավորող կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվել են ՀԱՀ՝ մինչև համապատասխան վերջնաժամկետը։ Այս նպատակով անհրաժեշտ է նշել ՀԱՀ-ի ինստիտուցիոնալ կոդերը, ինչպես ներկայացված է ստորև․

  • GRE կոդ՝ 0676
  • GMAT կոդ՝ 0284 
  • LSAT թեստ հանձնելու դեպքում անհրաժեշտ է նշել ձեր LSAT հաշվի համարը, որի հիման վրա ՀԱՀ-ը պաշտոնական միավորների հաշվետվությունը կստանա անմիջապես LSAC-ից։
8. Ես մոռացել եմ նշել ՀԱՀ-ը որպես միավորների հաշվետվության ստացող։ Ի՞նչ կարող եմ անել։

Դուք պետք է ձեր թեստային հաշվից դիմեք միավորների լրացուցիչ հաշվետվության ստացման համար և նշեք ՀԱՀ-ը որպես ստացող՝ օգտագործելով համալսարանի ինստիտուցիոնալ կոդերը, որոնք ներկայացված են Դիմում-հայտի պահանջներ էջի 3-րդ և 4-րդ կետերում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս գործընթացը ենթադրում է հավելավճար և կարող է ավելի երկար ժամանակ պահանջել։ 

Դիմելու կարգը և պահանջները

1. Ինչպե՞ս պետք է դիմեմ ՀԱՀ-ի մագիստրոսական ծրագրին։

Դուք պետք է ներկայացնեք մագիստրատուրայի ընդունելության ամբողջական առցանց դիմում-հայտ apply.aua.am կայքում՝ սահմանված վերջնաժամկետի շրջանակում։

2. Կարո՞ղ եմ դիմել մեկից ավելի ծրագրերի։

Այո։ Ձեր դիմում-հայտում կարող եք նշել ձեզ հետաքրքրող ծրագրերը՝ որպես առաջին և երկրորդ ընտրություն։ Թեև դուք պետք է ներկայացնեք մեկ դիմում-հայտ, յուրաքանչյուր ծրագրի համար անհրաժեշտ է գրել առանձին նպատակի շարադրանք։

3. Արդյո՞ք դիմում-հայտը ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետ կա։

Այո։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Վերջնաժամկետներ բաժինը։

4. Ի՞նչ տեղի կունենա, եթե մոռանամ կցել անհրաժեշտ փաստաթղթերից որևէ մեկը դիմում-հայտին։

Դուք պատասխանատվություն եք կրում ամբողջական դիմում-հայտ ներկայացնելու համար։ Եթե մոռացել եք կցել անհրաժեշտ փաստաթղթերից որևէ մեկը, խնդրում ենք կապվել Ընդունելության գրասենյակի հետ և ուղարկել բացակայող փաստաթղթերը [email protected] էլ. փոստի հասցեին՝ վերջնաժամկետից հետո մեկ շաբաթվա ընթացքում։

Խնդրում ենք նկատի ունեալ, որ ընդունելության համար դիտարկվում են միայն ամբողջական և պահանջներին համապատասխանող դիմումները։

5. Եթե վերահանձնեմ քննությունը վերջնաժամկետից հետո, արդյո՞ք իմ նոր միավորը հաշվի կառնվի։

Եթե քննությունը վերահանձնեք ձեր դիմում-հայտի համար սահմանված վերջնաժամկետից հետո և ցանկանաք, որ նոր միավորը դիտարկվի, սա կհամարվի նոր տեղեկություն, և ձեր դիմում-հայտի դիտարկումը կտեղափոխվի հաջորդ հասանելի վերջնաժամկետ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ Շարունակելի ընդունելության վերջնաժամկետից հետո (կամ Կանոնավոր ընդունելության վերջնաժամկետից հետո` ամառային եռամսյակին մեկնարկող ծրագրերի դեպքում) նոր տեղեկություններ չեն ընդունվում։ Խնդրում ենք այդ մասին տեղեկացնել մեզ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] և ուղարկել ձեր թեստի պաշտոնական միավորը։

6. Ինչպե՞ս պետք է վճարեմ դիմում-հայտի ներկայացման համար։

Դիմում-հայտի վճարը պետք է կատարել առցանց կամ բանկային փոխանցմամբ՝ դիմում-հայտը ներկայացնելուց հետո։ Վերջնաժամկետից հետո երկու-երեք շաբաթվա ընթացքում դուք կստանաք առանձին հաղորդագրություն Ընդունելության գրասենյակից՝ վճարման վերաբերյալ հրահանգներով։ Խորհուրդ ենք տալիս վճարումն իրականացնել առցանց եղանակով, քանի որ բանկային փոխանցման դեպքում գումարի արտացոլումը ձեր հաշվում կարող է տևել մինչև 10 աշխատանքային օր։

Երաշխավորագրեր

1. Քանի երաշխավորագիր պետք է ներկայացնեմ։

Դուք պետք է ներկայացնեք երկու երաշխավորագիր։ Առանց երկու երաշխավորագրի ներկայացման ձեր դիմումը չի համարվի ամբողջական։ Եթե դիմում եք մեկից ավելի ծրագրերի, միևնույնն է, անհրաժեշտ է ներկայացնել միայն երկու երաշխավորագիր։

2. Ինչպե՞ս կարող եմ ներկայացնել երաշխավորագրերը։

Երաշխավորագրերը պետք է ներկայացվեն առցանց՝ որպես ձեր դիմում-հայտի մի մաս։ Երբ դուք դիմում-հայտում լրացնեք ձեր երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, նրանք կստանան համապատասխան ծանուցում՝ ձևանմուշի հետ միասին։ Երաշխավորողները պետք է լրացնեն ձևանմուշը և ներկայացնեն այն մինչև համապատասխան վերջնաժամկետը։

3. Արդյո՞ք պարտադիր է օգտագործել ՀԱՀ-ի երաշխավորագրի ձևանմուշը։

Այո։ Երաշխավորագրերը պետք է ներկայացվեն առցանց՝ մեր կողմից սահմանված ձևանմուշով։ Դրանք չեն կարող ներկայացվել էլեկտրոնային փոստով կամ թղթային տարբերակով։

4. Ովքե՞ր կարող են լինել իմ երաշխավորողները։

Լավագույն երաշխավորողներն այն անձինք են, որոնք ձեզ լավ են ճանաչում և կարող են խորությամբ գնահատել ձեր կարողությունները՝ մագիստրատուրայում սովորելու և հաջողության հասնելու տեսանկյունից։ Սովորաբար երաշխավորագրեր տրամադրում են ներկայիս կամ նախկին դասախոսները և/կամ ղեկավարները՝ աշխատանքի կամ փորձնակության ընթացքում ձևավորված համագործակցության հիման վրա։ Երաշխավորողը չի կարող լինել ձեր ընկերը կամ ընտանիքի անդամը։

5. Ո՞ր լեզվով պետք է գրված լինի երաշխավորագիրը։

ՀԱՀ-ը նախընտրում է ստանալ անգլերենով գրված երաշխավորագրեր։

6. Արդյո՞ք պետք է կցեմ երաշխավորագրերը իմ դիմում-հայտին։

Ոչ։ ՀԱՀ-ը չի դիտարկում առցանց դիմում-հայտին կցված որևէ երաշխավորագիր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երաշխավորագրերը գաղտնի բնույթ են կրում, դրանք պետք է ներկայացվեն առցանց՝ ձեր երաշխավորողների կողմից։

7. Ի՞նչ տեղի կունենա այն դեպքում, եթե իմ երաշխավորողը ներկայացնի երաշխավորագիրը վերջնաժամկետից հետո։

Ձեր դիմում-հայտն ամբողջական  կհամարվի միայն այն դեպքում, եթե մինչև ձեր դիմում-հայտի ներկայացման վերջնաժամկետը կատարեք բոլոր սահմանված պահանջները՝ ներառյալ երաշխավորագրերի ներկայացումը։ Եթե ձեր երաշխավորողը ներկայացնի երաշխավորագիրը վերջնաժամկետից հետո, ձեր դիմում-հայտը կհամարվի ոչ ամբողջական։

8. Կարո՞ղ եմ օգտագործել նախկինում ՀԱՀ դիմում-հայտի հետ ներկայացված երաշխավորագիրը։

Այո, դուք կարող եք օգտագործել նախկինում ՀԱՀ դիմում-հայտի հետ ներկայացված երաշխավորագիրը՝ պայմանով, որ այն դեռ վավեր է։ Երաշխավորագրերի վավերականության ժամկետը մեկ տարի է։ Եթե մտադիր եք օգտագործել նախկինում ՀԱՀ ներկայացված վավեր երաշխավորագիր (երաշխավորագրեր), ապա խնդրում ենք մինչև դիմում-հայտի ներկայացման վերջնաժամկետն ուղարկել էլ․ նամակ [email protected] էլ. փոստի հասցեին՝ հստակ նշելով, թե որ երաշխավորագիրն եք ցանկանում ներառել։

Որոշումներ

1. Ե՞րբ և ինչպե՞ս կտեղեկանամ իմ ընդունելության կարգավիճակի մասին։

Ամբողջական դիմում-հայտ ներկայացրած դիմորդներն իրենց ընդունելության կարգավիճակի մասին ծանուցում կստանան էլեկտրոնային փոստով՝ համապատասխան վերջնաժամկետից հետո տասներկու շաբաթվա ընթացքում: Շարունակելի և Գարնանային ընդունելության շրջանակում ներկայացված դիմում-հայտերի վերաբերյալ որոշումները սովարաբար հրապարակվում են ավելի վաղ։

2. Արդյո՞ք իմ ընդունելությունը երաշխավորված է, եթե ես համապատասխանում են դիմում-հայտի բոլոր պահանջներին։

Ոչ։ ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն։ Մենք ընտրում ենք այն դիմորդներին, որոնք ունեն ՀԱՀ-ում հաջողությամբ ուսանելու կարողություններ և հմտություններ, և որոնց կրթական ու մասնագիտական նպատակներին համալսարանը համապատասխանում է։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՀ ընդունելությունը նաև մրցակցային է, Կրթական ծրագրերի ընդունելության հանձնաժողովը և Մագիստրատուրայի ընդունելության հանձնաժողովը դիտարկում են դիմորդի թե՛ ակադեմիական, թե՛ անձնական տվյալները՝ ներառյալ ակադեմիական առաջադիմությունը, մասնագիտական փորձը, քննությունների արդյունքները, նպատակի շարադրանքը, երաշխավորագրերը և հարցազրույցը (հրավիրված լինելու դեպքում)։

Վիզա և կացարան

1. Ես օտարերկրյա ուսանող եմ։ Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է վիզա Հայաստանում սովորելու համար։

Այո։ Օտարերկրյա քաղաքացիները Հայաստան մուտք գործելու համար պետք է ունենան վավեր ճանապարհորդական փաստաթղթեր։ Հայաստանի վիզա ստանալու համար անհրաժեշտ է ժամանակին դիմել համապատասխան կառույցներ և ունենալ վավեր անձնագիր։ Որոշ երկրների դեպքում անձնագիրը պետք է ունենա առնվազն վեց ամսվա վավերականություն ճանապարհորդության համար։ Վիզայի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Միջազգային ուսանողական ծառայությունների կոորդինատոր Անժելա Բալասանյանի հետ՝ [email protected]:

2. ՀԱՀ-ը տրամադրու՞մ է կացարան ուսանողներին։
Այո: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Ուսանողական կացարան էջը։

Այլ հարցեր

1. ՀԱՀ-ի շնորհած կրթական աստիճանը ճանաչվու՞մ է Հայաստանից դուրս։

Այո: Հայաստանի ամերիկյան համալսարանը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի  հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից՝ Մարինա Վիլիջ Փարքվեյ 1001, գրասենյակ 402, Ալամեդա, Կալիֆոռնիա 94501, 510.748.9001, www.wscuc.org:

2. Ինչպիսի՞ կրթական և մասնագիտական որակավորումներ ունի ՀԱՀ-ի դասախոսական կազմը։

ՀԱՀ-ի դասախոսական կազմն ապահովում է միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն, դասավանդման մեթոդիկա և մասնագիտական փորձ: Դասախոսներն ունեն բարձրագույն կրթական աստիճաններ մի շարք հեղինակավոր համալսարաններից, ինչպիսիք են Քեմբրիջի, Կոլումբիայի, Հարվարդի, ՄըքԳիլի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Մոսկվայի պետական համալսարանը, Սթենֆորդի համալսարանը, Երևանի պետական համալսարանը և այլն: Նրանք ընդգրկված են մի շարք մասնագիտական ոլորտներում՝ որպես տեղական առաջատար ընկերությունների գործադիր տնօրեններ, ձեռներեցներ, տեխնոլոգիական խորհրդատուներ, ՏՏ ոլորտի առաջադեմ մասնագետներ, մեդիա մասնագետներ, հրատարակված գրքերի հեղինակներ, պետական կառույցների խորհրդատուներ, խոշոր հաշվապահական ընկերությունների գործընկերներ, բանկիրներ և այլ ոլորտների մասնագետներ։

3. ՀԱՀ-ը տրամադրու՞մ է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում։

Համաձայն ՀՀ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի՝ համալսարանները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չեն տրամադրում ընդունված ուսանողներին: Եթե ցանկանում եք տեղեկանալ տարկետում ստանալու հնարավորությունների մասին, խնդրում ենք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ՀՀ պաշտպանության նախարարություն։