Բակալավրի կրթական ծրագրեր

 
ՀԱՀ-ն առաջարկում է բակալավրիատի քառամյա ծրագրեր հետևյալ մասնագիտացումներով՝ Գործարարություն, Տնտեսագիտություն, Անգլերեն և հաղորդակցություն, Քաղաքականություն և պետական կառավարում, Համակարգչային գիտություն, Տվյալագիտություն, Ճարտարագիտություն, Շրջակա միջավայրի և կայունության գիտություններ։ Բացի այդ, առաջարկվում է նաև եռամյա ծրագիր Քույրական գործ մասնագիտությամբ։ Վերոնշյալ բոլոր ծրագրերը կազմում են հումանիտար կրթական համակարգի մի մաս և պատրաստում են այնպիսի մասնագետներ, որոնք բազմակողմանիորեն զարգացած են, ունեն քննախույզ և ստեղծագործ միտք, կարող են ինքնուրույն ուսումնասիրել և հասկանալ տարբեր մտածողական գործընթացներ, ինչպես նաև արդյունավետորեն համագործակցել այլ մշակույթների և ոլորտների ներկայացուցիչների հետ։


Գործարարության բակալավրի ծրագիր

Գործարարության բակալավրիատի ծրագիրն ուսանողներին տրամադրում է ամուր հիմք հաշվապահության, բիզնեսի կառավարման, շուկայագիտության և տնտեսագիտության ոլորտներում։ Ծրագրի ընթացքում ուսանողները զարգացնում են իրենց վերլուծական կարողությունները, քննադատական մտածողությունը և որոշումներ կայացնելու հմտությունները` բարդ և իրական գործարարական խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար։ Չորս տարիների ընթացքում ուսանողները ոչ միայն ստանում են պաշտոնական ակադեմիական կրթություն, այլև զարգացնում են մասնագիտական հետաքրքրասիրություն, ինքնուրույնություն և գործարար մտքի ճկունություն։ Շրջանավարտները զինվում են այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք հնարավորություն են տալիս աշխատելու տարբեր ոլորտներում, ինչպիսիք են հաշվապահությունը, վաճառքը, շուկայագիտությունը, տնտեսագիտությունը, ֆինանսները, միջազգային բիզնեսը, բանկային գործը և ընդհանուր կառավարումը։ Գործարարության բակալավրիատի ծրագիրը նաև ամուր հիմք է ապահովում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ինչպես նաև ՀԱՀ-ի կամ այլ ուսումնական հաստատությունների մագիստրոսական ծրագրերում ուսումնառությունը շարունակելու համար։
Ծրագիրն առաջարկում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրական դասընթացների լայն շրջանակ, որը հնարավորություն է տալիս ուսանողներին մասնագիտանալու հետևյալ ոլորտներից մեկում․
Հաշվապահություն
Շուկայագիտություն
Ընդհանուր գործարարություն
Ուսումնական պլանի և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

Ծրագիրն առաջարկում է դասընթացների լայն տեսականի, ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրական, որը թույլ է տալիս ուսանողներին մասնագիտանալ հետևյալ ոլորտներից մեկում`

    • Հաշվապահություն
    • Շուկայագիտություն
    • Տնտեսագիտություն
    • Ընդհանուր գործարարություն


Ուսումնական պլանի և դասընթացների ցանկի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:


Տնտեսագիտության բակալավրիատի ծրագիր

Տնտեսագիտության բակալավրիատի ծրագիրն ուսանողներին տրամադրում է տնտեսագիտության տեսության, քանակական վերլուծության և քննադատական մտածողության ամուր հիմք։ Վերլուծական կարողությունների զարգացման և տնտեսագիտական սկզբունքների յուրացման շնորհիվ՝ ծրագրի շրջանավարտները կարող են նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Նրանք կարող են կառուցել իրենց կարիերան մշտապես պահանջարկ ունեցող ոլորտներում՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածներում։ Ի տարբերություն դասական գործարարության ծրագրերի՝ այս ծրագիրն առանձնանում է ավելի վերլուծական և հասարակագիտական ուղղվածությամբ։ Տնտեսագիտության բակալավրիատի ծրագրի առաքելությունն է պատրաստել մասնագետներ, որոնք կարող են լուծել Հայաստանում և դրանից դուրս գոյություն ունեցող տնտեսական զարգացման խնդիրները՝ ապացույցների վրա հիմնված որոշումների, բարձրորակ հետազոտությունների և ոլորտային գերազանց հմտությունների շնորհիվ։ Ծրագիրը խթանում է բազմազանության, ներառականության արժեքները և պատրաստում մասնագետներ, որոնք կարող են զբաղեցնել ղեկավար պաշտոններ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ Միևնույն ժամանակ, այն ուսանողներին զինում է այնպիսի գիտելիքներով ու հմտություններով, որոնք հնարավորություն են տալիս շարունակելու հետբակալավրական ուսումնառությունը թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում։

Ծրագիրն առաջարկում է համապարփակ ուսումնական պլան, որը ներառում է տնտեսագիտության հիմնական սկզբունքները, քանակական մեթոդները և մասնագիտացված ուղղությունները։ Առաջին երկու տարիներին ուսանողները մասնակցում են հիմնական դասընթացներին, որոնց հաջորդում են մասնագիտացված և կամընտրական դասընթացները։ Վերջին տարվա ընթացքում ուսանողները պատրաստում են ավարտական նախագիծ կամ դիպլոմային աշխատանք։

Ուսումնական պլանի և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:



Անգլերենի և հաղորդակցության բակալավրիատի ծրագիր

Անգլերենի և հաղորդակցության բակալավրիատի ծրագիրն ուսանողներին տրամադրում է ամուր հիմք անգլերեն գրականության և լեզվի ոլորտներում, ինչպես նաև սովորեցնում է ցուցաբերել քննադատական մոտեցում ժամանակակից լրատվամիջոցների և գրական/մշակութային տեսության հարցերին։ Ծրագիրը նպատակ ունի ձևավորելու հաղորդակցման հմտություններ, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում և միջավայրերում։

Շրջանավարտները զինվում են այնպիսի գիտելիքներով ու հմտություններով, որոնք թույլ են տալիս մասնագիտանալ լրագրության, հրատարակչության, զանգվածային լրատվամիջոցների, գրավոր և բանավոր թարգմանությունների, հանրային կապերի, գովազդի և կորպորատիվ հաղորդակցության ոլորտներում: Նրանք նաև հնարավորություն են ստանում շարունակելու իրենց հետագա ուսումնառությունը մագիստրատուրայում՝ գրականագիտության, մշակութաբանության, ստեղծագրության, կինոգիտության, կրթության, հաղորդակցության, թարգմանության, իրավագիտության և լրագրության ուղղություններով։

Ուսումնական պլանի և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:


Քաղաքականության և պետական կառավարման բակալավրիատի ծրագիր

Քաղաքականության և պետական կառավարման բակալավրիատի ծրագիրն ուսանողներին տրամադրում է միջգիտակարգային գիտելիքներ և հմտություններ՝ քաղաքականության, հասարակության և կառավարման փոխհարաբերությունները հասկանալու համար։ Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են որոշումների կայացման ու հակասությունների կարգավորման գործընթացները տեղական, ազգային և միջազգային մակարդակներում, ինչպես նաև պարզաբանվում է, թե ինչպես են փոխկապակցված ժողովրդավարությունը, քաղաքացիությունը, օրենքի գերակայությունն ու համայնքը: Թեպետ ծրագիրն իրականացվում է հայկական համատեքստում, այն ներկայացնում է խնդիրները համաշխարհային դիտանկյան ներքո և ուսանողներին զինում է այնպիսի գիտելիքներով ու հմտություններով, որոնք անհրաժեշտ են ժամանակակից փոխկապակցված աշխարհում քաղաքական և հասարակական մարտահրավերները վերլուծելու և դրանք հաղթահարելու համար։

Ուսումնական պլանի և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:


Համակարգչային գիտության բակալավրիատի ծրագիր

Համակարգչային գիտության բակալավրիատի ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել ինտեգրված և միջգիտակարգային կրթություն, որը համատեղում է մաթեմատիկայի տեսական ճշգրտությունն ու հաշվարկային մեթոդները՝ իրական կյանքի խնդիրները լուծելու համար։ 

Շրջանավարտները պատրաստ կլինեն կառուցելու իրենց կարիերան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծրագրային ապահովման մշակումը, բջջային հեռախոսների ծրագրային մշակումը, տվյալագիտությունը, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, ֆինանսական վերլուծությունը, խաղերի մշակումը, կենսատեխնոլոգիան, ՏՏ ոլորտի ստարտափերը, կիբեռանվտանգությունը և մաթեմատիկական մոդելավորումը։ Նրանք կկարողանան շարունակել իրենց կրթությունը համակարգչային գիտության, կիրառական մաթեմատիկայի, տվյալագիտության, ճարտարագիտության, կենսաինֆորմատիկայի, բիզնեսի կառավարման և հարակից այլ ոլորտներում՝ թե՛ ՀԱՀ-ում, և թե՛ այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում։

Դասընթացները ներառում են մի շարք թեմաներ, այդ թվում` ալգորիթմներ, տվյալների կառուցվածքներ, ծրագրային ճարտարագիտություն, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, գաղտնագրություն և համակարգչային գրաֆիկա` տեսությունից մինչև գործնական կիրառություններ: Կամընտրական դասընթացները հնարավորություն են տալիս ուսանողներին ընտրելու երկու հիմնական ուղղություններից մեկը կամ կազմելու իրենց անհատական մասնագիտացված ուսումնառության ծրագիրը։

  • Կիրառական համակարգչային գիտություն
  • Մաթեմատիկական մոդելավորում
  • Ընդհանուր ծրագիր

Ուսումնական պլանի և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:


Տվյալագիտության բակալավրիատի ծրագիր

Տվյալագիտության բակալավրիատի ծրագիրը պատրաստում է մասնագետներ, որոնք կարող են աշխատել բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են բիզնես վերլուծությունը, կենսական գիտությունները, կենսաինֆորմատիկան և դեղագործական հետազոտությունները։ Շրջանավարտները հնարավորություն կունենան նաև շարունակելու իրենց ուսումը մի շարք ակադեմիական ուղղություններով, օրինակ՝ համակարգչային գիտություն, ճարտարագիտություն, բնապահպանական գիտություններ և կենսագիտություն։

Պահանջվող հիմնական դասընթացներն ընդգրկում են մի շարք թեմաներ, այդ թվում՝ տեսական մաթեմատիկա, խորացված վիճակագրական մեթոդներ, համակարգչային ծրագրավորում և գործնական կիրառություններ։ Գործնական մասը ներառում է աշխատանք խոշոր լեզվական մոդելների, տվյալների վիզուալիզացիայի, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության հետ։ Ուսանողները հնարավորություն կունենան ընտրելու դասընթացների շարք՝ կենտրոնանալով երկու մասնագիտական ուղղություններից մեկի վրա, ինչը թույլ կտա նրանց համատեղել ուսումնառությունը սեփական հետաքրքրությունների և մասնագիտական  նպատակների հետ․

  • Բիզնես վերլուծություն
  • Կենսաինֆորմատիկա

Ուսումնական պլանի և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:


Ճարտարագիտության բակալավրիատի ծրագիր

Ճարտարագիտության բակալավրիատի ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ցանկանում են ստանալ համապարփակ և ընդհանուր ճարտարագիտական կրթություն։ Այս բազմագիտակարգային ծրագիրը միավորում է ավանդական ճարտարագիտության հիմնական սկզբունքները՝ հնարավորություն տալով շրջանավարտներին լուծելու բարդ և ինտեգրված տեխնոլոգիական համակարգերում առաջացող խնդիրները։ Ծրագիրն ուսումնասիրում է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) փոխգործակցությունը՝ թույլ տալով ուսանողներին վերլուծել բազմաշերտ բարդ համակարգեր և հաղթահարել Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի առջև ծառացած մարտահրավերները։

Ճարտարագիտության բակալավրիատի ծրագիրը կարևորում է նորարարությունը և ստեղծարարությունը՝ խթանելով շրջանավարտների ձեռնարկատիրական ներուժը։ Ծրագիրը նաև մեծ ուշադրություն է դարձնում բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունների զարգացմանը, որպեսզի ուսանողները կարողանան հստակ արտահայտել իրենց գաղափարները, նախաձեռնել փոփոխություններ և դառնալ առաջնորդներ։ Շրջանավարտները կարող են աշխատել տարբեր ոլորտներում, որտեղ պահանջվում են վերլուծական միտք և հաշվարկային հմտություններ։ Նրանք կարող են նաև շարունակել իրենց ուսումը մի շարք բնագավառներում, ինչպիսիք են մեխանիկական, էլեկտրական և համակարգային ճարտարագիտությունը, համակարգչային գիտությունը և ռոբոտաշինությունը։

Ուսումնական պլանի և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:


Շրջակա միջավայրի և կայունության գիտությունների բակալավրիատի ծրագիր

Շրջակա միջավայրի և կայունության գիտությունների բակալավրիատի ծրագիրը նպատակ ունի ուսանողներին փոխանցելու այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են բնական ու մարդաստեղծ միջավայրերում առաջացող կայունության մարտահրավերները հասկանալու և հաղթահարելու համար։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին վերլուծելու մարդու ազդեցությունը մոլորակի կլիմայական համակարգի, կենսաբազմազանության, կենսաերկրաքիմիական ցիկլերի, ջրային պաշարների, հողային համակարգերի և այլ կարևոր բաղադրիչների վրա։ Բացի այդ, ծրագիրը թույլ է տալիս ուսանողներին խորապես ուսումնասիրել քաղաքային միջավայրերի կայուն զարգացումը՝ ներառյալ քաղաքի և բնության միջև ներդաշնակության հաստատումը, շարժունության և էներգետիկ արդյունավետության լուծումները, օդի մաքրության պահպանումը, ջրի արդյունավետ օգտագործումն ու մաքրման գործընթացները, թափոնների կառավարումն ու շրջանաձև տնտեսության խթանումը, աղետներին դիմակայելու կարողության զարգացումը և այլն։ Ուսանողները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և գործիքակազմ՝ բազմագիտակարգային ու բազմամշակութային միջավայրում աշխատելու և կայունության մարտահրավերները հաղթահարելու համար՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում։

Ուսումնական պլանի և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:


Քույրական գործի բակալավրիատի ծրագիր

Քույրական գործի բակալավրիատի ծրագիրը նախատեսված է այն բուժքույրերի համար, որոնք արդեն ունեն բուժքույրի կամ մանկաբարձի դիպլոմ և ցանկանում են շարունակել իրենց կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Ծրագիրը պահանջում է ՀԱՀ-ում 75 կրեդիտի կուտակում և տևում է 3 տարի։ Ծրագրի շրջանավարտները կկարողանան ցուցաբերել ինքնուրույնություն, մասնագիտական գերազանցություն և բարձր պատրաստվածություն։ Նրանք կկարողանան նաև կիրառել ապացուցողական բժշկության սկզբունքները, ներառել ինֆորմատիկան և նորագույն տեխնոլոգիաները մասնագիտական գործունեության մեջ, ամրապնդել ուսումնագործնական համագործակցությունները, ինչպես նաև նպաստել շարունակական կրթության գաղափարի զարգացմանը։

Ուսումնական պլանի և դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել  այստեղ։


Ընդհանուր կրթություն

Որպես ՀԱՀ-ի բակալավրիատի ծրագրի կարևոր բաղադրիչ՝ Ընդհանուր կրթությունը նպատակ ունի ձևավորելու բարեխիղճ ու պատասխանատու քաղաքացիներ, որոնք ունեն խնդիրներ լուծելու կարողություն և պատրաստ են ներդրում ունենալ թե՛ իրենց մասնագիտական ոլորտում, թե՛ հասարակության կյանքում։ Այն ուսանողներին տրամադրում է գիտելիքների, հմտությունների և աշխարհընկալումների ամուր հիմք։

ՀԱՀ-ի բակալավրիատի ծրագիրը հիմնված է երկու փոխկապակցված բաղադրիչների վրա՝ հիմնական մասնագիտացում և Ընդհանուր կրթություն։ Հիմնական առարկաներն ուսանողներին տրամադրում են խորքային գիտելիքներ, մասնագիտացում և նախապատրաստում են կարիերայի համար, մինչդեռ Ընդհանուր կրթությունը տրամադրում է կյանքի տարբեր ոլորտներում կիրառելի ընդհանուր գիտելիքներ և հմտություններ։ ՀԱՀ-ի բակալավրիատի ծրագիրը մշակված է այնպես, որ շրջանավարտները պատրաստ լինեն շարունակական կրթությանը՝ թե՛ համալսարանում, թե՛ մասնագիտական միջավայրում, և թե՛ առօրյա կյանքում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք aua.am/gen-ed:


Ոչ հիմնական մասնագիտացում

ՀԱՀ-ի բակալավրիատի ոչ հիմնական մասնագիտացման ուղղվածությունը թեմատիկորեն փոխկապակցված դասընթացների շարք է, որը նախատեսված է ուսանողների գիտելիքներն ու փորձը ընդլայնելու և լրացնելու համար։ Ոչ հիմնական մասնագիտացման առարկաները կամընտրական են: Ներկայումս ՀԱՀ-ն առաջարկում է հետևյալ ոչ հիմնական մասնագիտացումները․

Շրջակա միջավայրի հետազոտություններ

Շրջակա միջավայրի հետազոտությունների ոչ հիմնական մասնագիտացումը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնելու և ընդլայնելու իրենց պատկերացումները մարդու սոցիալ-տնտեսական կյանքի բնապահպանական կողմերի մասին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ:

Գենդերային հետազոտություններ
Գենդերային հետազոտությունների ոչ հիմնական մասնագիտացման նպատակն է ուսանողներին տրամադրել միջգիտակարգային կրթություն, որի շրջանակում նրանք կուսումնասիրեն գենդերի իմաստը և դրա փոխազդեցությունը կարողության, տարիքի, սոցիալական խավի, ռասայի, էթնիկ պատկանելության, սեռական ինքնության և մշակութային ավանդույթների հետ։  Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ։

Ցեղասպանագիտություն և մարդու իրավունքներ

Ցեղասպանագիտության և մարդու իրավունքների ոչ հիմնական մասնագիտացման նպատակն է ձևավորել բարեխիղճ, սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող և հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված քաղաքացիներ։ Ծրագիրն ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ցեղասպանության պատճառները, պայմանները և հետևանքները, ինչպես նաև ճանաչելու մարդու իրավունքները՝ որպես խաղաղության և արդարության խթանման միջոց։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ։

Փիլիսոփայություն
Փիլիսոփայության ոչ հիմնական մասնագիտացումն ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրելու իրականության հիմնարար ասպեկտները, մարդկային ճանաչողության բնույթն ու սահմանները, բարոյական արժեքները, ինչպես նաև ճշմարիտ վարքագծի սկզբունքները՝ միաժամանակ զարգացնելով համակարգված, խորքային և ինքնուրույն մտածողություն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ։

Փիլիսոփայություն, քաղաքականություն և տնտեսագիտություն
Փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսագիտության ոչ հիմնական մասնագիտացումը հնարավորություն է տալիս ուսանողներին հասկանալու, թե ինչպես կարելի է այս երեք ոլորտների գործիքներն արդյունավետորեն կիրառել քաղաքականության վերաբերյալ հիմնավոր որոշումների կայացման և լուծումների մշակման գործընթացում։ Այն թույլ է տալիս ուսանողներին աշխատել մի շարք ոլորտներում՝ հանրային ծառայություն, իրավագիտություն, բիզնես և զարգացում, ինչպես նաև շարունակել ուսումը փիլիսոփայության կամ հասարակական գիտությունների բնագավառում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ։


Դասախոսական կազմ

ՀԱՀ-ի դասախոսական կազմն ապահովում է միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն, դասավանդման մեթոդիկա և մասնագիտական փորձ: Դասախոսներն ունեն բարձրագույն կրթական աստիճաններ մի շարք հեղինակավոր համալսարաններից, ինչպիսիք են Քեմբրիջի, Կոլումբիայի, Հարվարդի, ՄըքԳիլի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Մոսկվայի պետական համալսարանը, Սթենֆորդի համալսարանը, Երևանի պետական համալսարանը և այլն: Նրանք ընդգրկված են մի շարք մասնագիտական ոլորտներում՝ որպես տեղական առաջատար ընկերությունների գործադիր տնօրեններ, ձեռներեցներ, տեխնոլոգիական խորհրդատուներ, ՏՏ ոլորտի առաջադեմ մասնագետներ, մեդիա մասնագետներ, հրատարակված գրքերի հեղինակներ, պետական կառույցների խորհրդատուներ, խոշոր հաշվապահական ընկերությունների գործընկերներ, բանկիրներ և այլ ոլորտների մասնագետներ։